Ախթալա, քաղաք Հայաստանի Լոռու մարզում՝ Լալվար լեռան ստորոտում, Դեբեդի ձախ ափին[1]։ Մարզկենտրոնից գտնվում է 62 կմ հյուսիս-արևելք, բարձրությունը ծովի մակերևույթից 740 մ է։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է հանքարդյունաբերությամբ և գյուղատնտեսությամբ։
Նախկինում այն ունեցել է Ախդալա, Ախտալա, Պղնձահանք անվանումները։ 1763 թվականին վրաց Հերակլ II-րդ թագավորը Պոնտոսի Գյումուշխանա բնակավայրից հույն հանքագործ-կապարագործներ է հրավիրում, որոնք սկսում են արծաթի ու պղնձի արդյունահանումն ու ձուլումը։
Ախթալայի մոտ գտնվող արծաթահանքերի հետ կապված, երբեմն այն անվանվել է Արծաթահանք
Կիրակոս Գանձակեցին իր «Հայոց Պատմությունում» հիշատակում է, որ իշխան Իվանե Զաքարյանը մահացավ 1241 թվականին և նրա դին ամփոփվեց Պղնձահանքում, որն Իվանեն նախկինում խլել էր հայերից և դարձրել վրացական (այսինքն ուղղափառ) եկեղեցի։ Խոսքը Ախթալայի եկեղեցու մասին է։ Ըստ Գանձակեցու՝ նույն եկեղեցում է ամփոփված նաև Իվանե Ա-ի որդի, իշխան Ավագը (մահ. 1250 թ. Բջնիում)։
Միջնադարում (10-րդ դար) է կառուցվել նաև Պղնձահանքի կամ Ախթալայի բերդը։ Քաղաքում պահպանվել են նաև բազմաթիվ այլ պատմամշակութային հուշարձաններ. մասնավորապես Ախթալայի վանք, Սուրբ Երրորդություն (սուրբ Աստվածածին) վանքը (13-րդ դար), Առաքելոց (Սուրբ Գևորգ) և Այանես եկեղեցիները, Խաչվանք, Նահատակի վանք մատուռները և Սուրբ Հովհաննես մատուռ-խաչքարը։