ՀաղպատՀաղբատի վանքմիջնադարյան Հայաստանի հոգևոր, մշակութային և գիտաուսումնական խոշոր կենտրոն, վանքային համալիր։ Գտնվում է Հայաստանի Լոռու մարզի Հաղպատ գյուղի հարավարևելյան բարձրադիր մասում։ Սանահինի վանքային համալիրի հետ միասին հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ:

Հաղպատ անվանման հետ կապված են բազմաթիվ լեգենդներ, նրանցից մեկի համաձայն Սանահինի իշխաններից մեկը հրավիրում է իր մոտ ճանաչված մի վարպետի՝ վանք կառուցելու համար։ Վարպետը ներկայանում է իշխանին որդու հետ։

Աշխատանքի ընթացքում վեճ է առաջանում հոր և որդու միջև։ Ենթավարպետներից մեկը բռնում է որդու կողմը։ Այսպես, կռվելով հոր հետ, որդին թողնում է աշխատանքը, վեր է կենում և հեռանում։ Ճանապարհին, մի ուրիշ իշխան վարձում է նրանց՝ իր վանքը կառուցելու պատվերով։ Երբ որդու բարձրացրած պատերը հասնում են այնքան, որ տեսանելի են դառնում Սանահինից, աշխատավորները հաղորդում են դրա մասին ծեր վարպետին։ Ոչ աշխատանքային օրը նա որոշում է այցելել որդու շինարարությունը, մոտենում է կիսասարք վանքի պատին և երկար զննում այն։ Բոլորը լուռ սպասում էին ծեր վարպետի գնահատականին։ Վերջապես, նա հրեց շարվածքի քարը և ասաց. «Ախ պատ»։ Այստեղ հայր և որդի գրկախառնվեցին և հաշտվեցին։ Իսկ վանքին մնաց «Հաղպատ» անվանումը։

Վանքի առաջին՝ Սուրբ Նշան եկեղեցին և միաբանությունը 976 թվականին հիմնադրել են Աշոտ Գ Բագրատունի[3] թագավորը և նրա կին Խոսրովանույշը[4]՝ իրենց որդիներ Կյուրիկեի (Գուրգենի) և Սմբատի արևշատության համար։ Հիմնադիր վանահայրն է եղել Սիմեոնը, որը Տիրանուն երեցի հետ ղեկավարել է եկեղեցու շինարարությունը (ավարտը՝ 991 թվականին) և հիմնել վանքի հոգևոր դպրոցը։ Սանահինի վանքից և այլ վայրերից հրավիրվել են գիտնական և ուսուցիչ վանականներ, և շուտով Կյուրիկյան թագավորության այս երկու վանքերում միաբանների ընդհանուր թիվը հասել է 500-ի։ 11-րդ դարի 1-ին քառորդում Սուրբ Նշան եկեղեցու հյուսիսային պատին կից կառուցվել են երկու մատուռ-տապանատներ (1005-1020), Սուրբ Գրիգոր եկեղեցին (1005) և վանքի նախնական պարիսպը։ 11-րդ դարում կառուցվել է նաև գրատունը, որի փայտե ծածկը հետագայում վերաշինվել է քարով։

1064 թվականին Տաշիր-Ձորագետի թագավոր Կյուրիկե Ա Բագրատունին, ճանաչելով սելջուկ թուրքերի գերիշխանությունը, կարողացել է կիսանկախ վիճակում պահպանել թագավորությունը և նրա հոգևոր կենտրոնները։ Նույն ժամանակ նա եպիսկոպոսական աթոռը Սանահինից տեղափոխել է Հաղպատ, որտեղ 1081 թվականին օժանդակել է Անի-Շիրակի եպիսկոպոս Բարսեղին՝ օծվելու կաթողիկոսական տեղապահ (1105-1113 թվականներին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Բարսեղ Ա Անեցի)։ Հաղպատում Կյուրիկյան թագավորության եկեղեցական թեմի առաջնորդ է կարգվել Սարգիս եպիսկոպոսը։ 1105 թվականին Ղըզըլ ամիրան հարձակվել, ավերել և կողոպտել է մի շարք բնակավայրեր և վանքեր, այդ թվում՝ Սանահինի և Հաղպատի միաբանությունները։


1177-1178 թվականներին Վրաց թագավոր Գեորգի III-ի դեմ Իվան Օրբելու գլխավորած ապստամբության պարտությունից հետո Լոռին կարճ ժամանակով հանձնվել է սպասալարի պաշտոնով ղփչաղ Խուբասարին, այնուհետև՝ Մահկանաբերդի Արծրունիներին։ Վերջիններիս իշխանության հիմնադիր Վահրամ Արծրունին, որն ազգակցական կապ է ունեցել Զաքարյան իշխանների հետ և 1181 թվականից վրաց արքունիքի ամիրսպասալարն էր, հիշատակվում է որպես Մահկանաբերդի և Հաղպատի տեր։ Նրա որդիներից ամիր Քուրդ Արծրունին Քարթլիի և Թիֆլիսի ամիրապետն էր, Բարսեղ եպիսկոպոս Արծրունին՝ Հաղպատի վանքի առաջնորդը, որը Թամար թագուհու հրամանով նշանակվել էր նաև Քարթլիի արքեպիսկոպոս։

12-րդ դարի 2-րդ կեսին սկսվել է Հաղպատի միաբանության վերելքի նոր ժամանակաշրջան, որը շարունակվել է նաև 13-րդ դարում՝ Զաքարյան իշխանների տիրապետության օրոք։ Վանքում կատարվել են շինարարական մեծածավալ աշխատանքներ, որոնք չեն ընդհատվել նույնիսկ մոնղոլական տիրապետության տարիներին։ Այդ ժամանակահատվածում է հիմնականում ձևավորվել և ամբողջացել վանքի ճարտարապետական համալիրը։ 1185 թվականին Կյուրիկե Գ թագավորի դուստր Մարիամը Սուրբ Նշան եկեղեցու արևմտյան կողմում կառուցել է Կյուրիկյան թագավորների սրահ-տապանատունը, որը 13-րդ դարի 1-ին քառորդին, վանքի առաջնորդ Հովհաննես Խաչենացու օրոք հիմնովին վերակառուցվել է և վերածվել եկեղեցու ընդարձակ գավթի։ Նրա ժամանակ կառուցվել են նաև Ուքանանց տոհմի երեք խաչքար-դամբարանները, նորոգվել Սուրբ Նշան և Սուրբ Գրիգոր եկեղեցիների ծածկերը, կատարվել վանքի տարածքի ընդարձակման, պարսպապատման և բարեկարգման աշխատանքներ։ Համալիրի տարածքից դուրս կառուցվել է Կուսանաց անապատը։ 13-րդ դարի 1-ին քառորդին է վերագրվում նաև սեղանատան կառուցումը, որի ճշգրիտ ժամանակը հայտնի չէ։

Մոնղոլական արշավանքների նախօրեին՝ 1233 թվականին, Հովհաննես Մածնաբերդցի վանահոր օրոք, միաբանության պաշտպանության նպատակով վանքից ոչ հեռու, լեռնային դժվարամատչելի հրվանդանի վրա կառուցվել է Կայան բերդ կոչվող ամրոցը, որը, սակայն, անկարող է եղել դիմագրավել թշնամուն և 1241 թվականին ավերվել է։ Հաջորդ վանահոր՝ Համազասպի ժամանակ կառուցվել են նոր, ընդարձակ գավիթը, զանգակատունը և պարսպի արևելյան մուտքը։ 13-րդ դարի 2-րդ կեսին, Դոփյան տոհմից սերող Հովհաննես վանահոր օրոք վերակառուցվել է գրատան ծածկը, կից կառուցվել է սրահ, աթաբեկ և ամիրսպասալար Սադուն Արծրունու արևշատության համար կանգնեցվել է «Ամենափրկիչ» նշանավոր խաչքարը։ Վանքի տարածքից դուրս կառուցվել են Սուրբ Սիոն եկեղեցին և աղբյուր։ Դարավերջին գրատան սրահի վրա հավելվել է փոքր մատուռ։

11-13-րդ դարերում վանքի համար եղել են նաև կրթության, գիտության և մշակույթի մեծ վերելքի ժամանակաշրջան։ Այդտեղ ուսանել, ստեղծագործել և դասավանդել են ժամանակի բազմաթիվ նշանավոր հոգևորական գիտնականներ. ուսուցչապետ Հովհաննես Սարկավագը (Իմաստասեր), նրա աշակերտներ՝ պատմիչներ Երեմիա Անձրևիկը և Սամուել Անեցին, իրավագետ և մանկավարժ Դավիթ Ալավկա Որդին, մատենագիր Վարդան Հաղպատեցին, նրա աշակերտ, ուսուցչապետ Դավիթ Քոբայրեցին, մատենագիր Մխիթար Քոբայրեցին, պատմիչ, մատենագիր, աշխարհագրագետ և փիլիսոփա Վարդան Արևելցին։ Հաղպատում գրվել, ընդօրինակվել և ծաղկվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնք օգտագործվել են նաև միջնադարյան Հայաստանի գիտաուսումնական այլ կենտրոններում։ Առավել նշանավոր է «Հաղպատի Ավետարանը» (Մատենադարան, ձեռ. դ 6288), որը մանրանկարչական արվեստի լավագույն նմուշներից է։ Վանքն ունեցել է իր ժամանակագրության ավանդական մատյանը՝ «Քոթուկը», որը չի պահպանվել։

14-րդ դարի վերջին՝ Զաքարյանների իշխանական տան տրոհումից հետո, Հաղպատն անցել է նրանց շառավիղների՝ տեղական իշխանների տնօրինությանը. նրանք այստեղ և այլ վանքերում եղել են նաև հոգևոր առաջնորդներ։

14-15-րդ դարերում վանքի ձեռագրերը կողոպուտից և ոչնչացումից փրկելու նպատակով թաքցվել են մոտակա դժվարամատչելի քարայրերում, իսկ գրատունը վերածվել է մառանի։ Մոռացված ձեռագրերը հայտնաբերվել են 18-րդ դարի վերջին քառորդին, Աբրահամ Թեքերտաղցի առաջնորդի ժամանակ։ Վերջինս այրել է քայքայված ձեռագրերը՝ որպես գործածության համար ոչ պիտանի։

1555 թվականին թուրք-իրանական պայմանագրով Լոռին անցել է Սեֆյան Իրանին և ընդգրկվել Քարթլի-Կախեթի վալիության մեջ, իսկ 1747 թվականին անկախացել է Իրանից և 1762 թվականին դարձյալ մտել Վրաստանի կազմի մեջ։ 17-րդ դարում Հաղպատն իր շրջակայքով պատկանել է Բարաթյաններին։ Միաբանությանը հովանավորել են նաև Բեհբությանները։ Նույն դարի 2-րդ կեսին վանքում կատարվել են վերանորոգչական մեծ աշխատանքներ։ Ըստ արձանագրության տվյալների՝ 1651, 1655 թվականներին Խոջա Բեհբութը և Մահմեդի Ազիզը նորոգել են եկեղեցիները, որոնք վերանորոգվել են 1668 թվականի երկրաշարժից հետո։ 1676-1677 թվականներին նորոգվել են Կուսանաց անապատը, վանքի պարիսպը և գրատան սրահի վերջին մատուռը։

17-18-րդ դարերում լեզգիները բազմիցս հարձակվել և ավերել են վանքը, ուստի Հաղպատի առաջնորդարանը 1751-1776 թվականներին և հետագայում ևս ստիպված ժամանակավորապես պատսպարվել է Թիֆլիսում։ 1776 թվականին առաջնորդարանը կրկին հաստատվել է Հաղպատում։ Վրաց թագավոր Հերակլ II-ի օժանդակությամբ նորոգվել և բարեկարգվել է անխնամ մնացած վանքը։ Սակայն դեռևս վտանգավոր իրավիճակը 1783 թվականին դարձյալ ստիպել է տեղափոխվել Թիֆլիս։ Հաղպատի առաջնորդարանում 1768 թվականից՝ որպես աբեղա, իսկ 1778 թվականից՝ որպես Սուրբ Նշան եկեղեցու լուսարար ծառայել է Սայաթ-Նովան՝ Տեր-Ստեփանոս անվամբ։

1786 թվականին Հաղպատի վրա է հարձակվել լեզգի Ումմա (Օմար) խանը, սակայն հանդիպելով գյուղացիների դիմադրությանը՝ նահանջել է, իսկ 1795 թվականին Թիֆլիսում Հաղպատի առաջնորդարանը ենթարկվել է Աղա Մահմուդ խանի ավերածություններին ու կողոպուտին. այլ արժեքների հետ ոչնչացվել է նաև վանքի «Քոթուկը»։

19-րդ դարի սկզբին Լոռին Վրաստանի հետ միասին անցել է ռուսական կայսրությանը։ 19-րդ դարի 1-ին քառորդին Հաղպատի առաջնորդներն են եղել Հովհաննես Ակնեցին (1808-1811), Աստվածատուր Արցախեցին (1811-1814) և Ներսես Աշտարակեցին (1814 թվականից), որոնք միաժամանակ վարել են նաև վիրահայոց առաջնորդությունը։ Այդ տարիներին երկրում տիրող ռազմաքաղաքական անկայուն վիճակը ստիպել է Եփրեմ Ա Ձորագեղցի կաթողիկոսին 1822-1824 թվականներին ապաստանել Հաղպատում։ Բռնի ռուսականացման քաղաքականության դեմ անհանդուրժողականության համար Ներսես Աշտարակեցին գեներալ Իվան Պասկևիչի թելադրանքով 1828 թվականին աքսորվել է Բեսարաբիա, որտեղ առաջնորդել է տեղի հայ եկեղեցական թեմը, իսկ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի տեսուչ, բանաստեղծ ու մանկավարժ Հարություն Ալամդարյանը 1830-1832 թվականներին աքսորվել է Հաղպատ։

1836 թվականին, Զաքարիա արքեպիսկոպոս Գուլասարյան-Բեհբուդյանցի առաջնորդության ժամանակ վերացվել է Հաղպատի եպիսկոպոսական աթոռը։ Նախկին վիճակը և կարողությունները կորցրած վանքը գոյատևել է ևս մի քանի տասնամյակ։ Հաղպատի վանքի վերջին վանահայրն է եղել Սերովբե եպիսկոպոս Արարատյանը. նա հիշատակվում է նաև 1873 թվականին Դեբեդ գետի վրա քարե կամրջի կառուցման առնչությամբ։

Խորհրդային իշխանության տարիներին վանքը պահպանվել է որպես պատմամշակութային հուշարձան։ Պարբերաբար կատարվել են ամրակայման, վերականգնման և տարածքի բարեկարգման աշխատանքներ (ճարտարապետներ՝ 1927 թվականին՝ Ալեքսանդր Թամանյան, 1929 թվականին՝ Ն. Տոկարսկի, 1930 թվականին՝ Ա. Ավետիսյան, 1950 թվականին՝ Ա. Բալասանյան, 1954-1955 թվականներին՝ Հ. Հակոբյան, 1965-1966 թվականներին՝ Վ. Խաչատրյան, 1973-1975 թվականներին՝ Հ. Գասպարյան)։

1989 թվականին, Խորհրդային Հայաստանի կառավարության որոշմամբ, վանքը վերադարձվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տնօրինությանը։ Հայկական պատմաճարտարապետական հուշարձաններից Հաղպատի վանքն առաջինն է, որ ընդգրկվել է (1996ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։

No comments

Այժմ կայքը դիտում են 2215 հյուր և անդամներ չկան։