Արա Գեղեցիկ, Հայկի սերնդից սերող հայոց արքա Արամի որդին է։ Մարմնավորում է հեթանոս հայերի հավատալիքները մեռնող և հառնող աստծու, բնության զարթոնքի, նաև ընտանեկան առաքինության և ողջամտության մասին։
Շարունակել է Ասորեստանի դեմ ուղղված հոր սկսած հայոց ազգային ազատագրական պայքարը։ Արայի պաշտամունքի վերջին և զարգացած փուլը տեղ է գտել «Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելում։ Արային նվիրված տոնախմբությունները կատարվում էին գարնանը և կապված էին բնության զարթոնքի հետ։ Արայի պաշտամունքի լայն տարածվածության մասին են վկայում Այրարատ, Արագած, Արայի լեռ, Արայի դաշտ, Արայի գյուղ և բազմաթիվ այլ տեղանուններ։ Արային էր նվիրված հայոց հեթանոսական տոմարի վեցերորդ ամիսը, որը կոչվում էր Արաց։
Որոշ ուսումնասիրողներ, ինչպես Արամին նույնացնում են Արամե Ուրարտացու հետ, այնպես էլ ըհդհանուր պատմական զուգահեռներ են գտնում Արա Գեղեցիկի և Արգիշտի Ա Ուրարտացու միջև։
Կենսագրություն
Արան ամուսնացել է հայուհի կնոջ՝ Նուարդի հետ։ Արայի և Նուարդի սիրո ու նվիրվածության մասին հայտնի էր բոլորին։ Արան իր հայոց երկրի նվիրյալն էր ու պաշտպանը։ Ասորեստանի թագուհի Շամիրամը սիրահարված էր Արային։ Սակայն պարզվեց, որ թագուհու սերը Արայի հանդեպ խարդավանք էր Հայաստանին տիրելու համար։
Արան չէր ենթարկվում Շամիրամին, իսկ դա թագուհուն դուր չէր գալիս։ Շամիրամը պատերազմ է հայտարարում Հայաստանի դեմ։ Արայի դաշտում տեղի է ունենում ճակատամարտ, որի ընթացքում, կռվելով իր զորքի առջևի գծում, Արան զոհվում է հերոսի մահով։ Բայց Շամիրամի սպասելիքները չեն իրականանում, որովհետև զինվորներին հանձնարարվել էր պատերազմից հետո իր մոտ կենդանի հասցնել հայոց թագավորին։
«Շամիրամը Արա Գեղեցիկի դիակի մոտ»։ Նկարիչ՝ Վարդգես Սուրենյանց