1877 թվականին սկսվեց Ռուս-թուրքական հերթական պատերազմը, որի արդյունքը եղավ Սան-Ստեֆանոյի պայմանագիրը:

Ըստ այդմ, հայաբնակ Կարսի վիլայեթը անցնում էր Ռուսաստանին, իսկ Թուրքիան պարտավորվում էր հայերով բնակեցված տարածքներում կատարել տնտեսական բարեփոխումներ:

Սա հայերի համար հիանալի տարբերակ էր: Սակայն արևմտաեվրոպական պետությունները, մտահոգվելով Ռուսաստանի հաջողությունների մասին, հակամարտող կողմերին հրավիրեցին նոր բանակցությունների, արդեն Բեռլինում:

Այնտեղ Հայաստանի բարեփոխումների ծրագրի իրականացումը հանձնարարվեց բացառապես Թուրքիային:

Փոխարենը առաջացավ Հայկական հարցը։ Հայկական հարցը ենթադրում էր եվրոպական պետությունների աջակցությունը հայերին և հետևաբար հայերի վիճակի բարելավումը:

Բայց, ինչպես ցույց տվեց ժամանակը, այն ունեցավ հակառակ ազդեցությունը:

Եվրոպական դիվանագիտությունը Հայկական հարցը սկսեց օգտագործել որպես Թուրքիային ճնշելու գործիք:

Եվ թուրքական կառավարությունը որդեգրեց պայքարի նոր ձև... Նրանք Հայկական հարցը վերացնելու համար ընտրեցին ամենաանմարդկային տարբերակը` վերացնել հայ ժողովրդին երկրի երեսից:

Այդ նպատակով ստեղծվեցին համիդիե կոչվող ավազակային խմբեր, որոնց հանձնարարված էր ասպատակել հայկական հողերը: Խստացվեց հայահալած քաղաքականությունը: Այս քաղաքականության անմիջական կրողը դարձավ սուլթան Աբդուլ Համիդ II-ը:

Նրա նախաձեռնությամբ 1895-1896թթ. սկսվեցին հայերի առաջին զանգվածային ջարդերը: Դրանք տեղի ունեցան Թուրքահայաստանի բազմաթիվ քաղաքներում ու գյուղերում:

Ջարդերին զոհ գնաց մոտ 300 000 հայ: Մոտավորապես նույնքան հայեր էլ հարկադրված գաղթեցին իրենց հայրենիքից՝ 100 000-ը Ռուսաստան, իսկ 200 000-ը Ամերիկայի, Եվրոպայի, Աֆրիկայի և Ասիայի տարբեր երկրներ։ Պահպանվել են փաստեր և վկայություններ նաև շուրջ 200 000 հայերի բռնի մահմեդականացման մասին։

Այս իրադարձությունների մասին Էրզրումում Անգլիայի հյուպաթոս Քլիֆորդ Լլոյդը ասել է. Սուլթանի հայ հպատակները տառացիորեն անպաշտպան են, ինչպես գայլերով շրջապատված ոչխարի հոտը:

No comments

Այժմ կայքը դիտում են 1783 հյուր և անդամներ չկան։