Վահագնը ռազմի քաջության, հաղթանակի և ամպրոպի գերագույն աստվածն է
հին հայկական դիցաբանության մեջ։ Եղել է ամենասիրելի և ընդհանրական աստվածը։ Կրել է «Վիշապաքաղ» անունը, քանի որ ըստ ավանդույթի պայքարել է խավարի վիշապների դեմ։
Տեսակ | աստվածություն |
---|---|
Դիցաբանություն | Հայկական դիցաբանություն |
Սեռ | արական |
Այլ մշակույթներում | Հերակլես |
Զբաղմունք | քաջության, հաղթանակի արևի աստված |
Ամուսին | Աստղիկ |
Կապված կերպարներ | վիշապներ |
Հատկանիշներ | Խարտյաշ պատանի՝ հուր վարսերով, բոցակեզ մորուսով և արեգակնային աչքերով |
Վահագնը վիշապ սպանելիս,
(քանդակագործ՝ Կառլեն Նուրիջանյան)
Հին հայերի պատկերացմամբ երկինքը նման էր ծովի։ Կարծում էին, թե ամպրոպի ժամանակ փոթորկալից ամպերով ծածկված ու մթամած երկինքը միախառնվում է երկրին, և նրանք բռնվում են երկունքի ցավերով։ Եվ երբ ամպերը որոտում են, լուսավորվում կայծակից ու փայլակից, երկնային ծիրանագույն ծովի մեջ, իբր, կարմիր եղեգ է վառվում, որի բոցերի ու ծխի միջից ծնվում է խարտիշահեր, բոցամորուս և Արեգակի նման փայլող աչքերով մի պատանեկիկ։ Այդ պատանին հին հայերի ամպրոպի և կայծակի աստված Վահագն էր, որին կոչում էին նաև Վիշապաքաղ մականունով։
Իր հերոսական արարքների շնորհիվ Վահագնը հին հայերի համար քաջության և հաղթական կռիվների խորհրդանիշ էր դարձել։ Հայ թագավորները նրանից էին քաջություն և հաղթանակ աղերսում։
Վահագնը հին հայերի ամենասիրված աստվածներից էր։ Նա հայոց գերագույն աստված Արամազդի և Անահիտի հետ հայ դիցարանում կազմում էր սրբազան երրորդություն։ Վահագնի տաճարը գտնվում էր Տարոն գավառի Աշտիշատ քաղաքավանում։ Նրա հարսնացուն համարվել է Աստղիկ դիցուհին։ Վահագնի պաշտամունքըկատարվում էր ծիսական մեծ հանդիսություններով։
Ամենամանրամասն նկարագրությունը տվել է Մովսես Խորենացին «Հայոց պատմություն» աշխատության մեջ։ Խորենացին Վահագնին համարել է Տիգրան Երվանդյանի որդին։ Խորենացու շնորհիվ է նաև, որ պահպանվել է Վահագնի դյուցազներգության մի հատվածը՝ «Վահագնի ծնունդը», որտեղ նկարագրվում է Վահագնը և նրա ծնունդը։
Անվան ծագումնաբանություն
Ըստ ավանդության՝ Վահագնը ծնվել է տիեզերքի բուռն երկունքի ժամանակ, երբ նրա երեք բաղկացուցիչ մասերը՝ երկինքը, երկիրն ու ծովը բռնվում էին երկունքի ցավերով։ Երկունքից շառագունած ծիրանի ծովի մեջ վառվող եղեգնի ծխից ու բոց արձակող փողից վազելով ելել է պատանի Վահագնը։ Նա ուներ ծովում բռնկված եղեգնի բոցերից ելնող հրեղեն մորուք ու մազեր, արեգակունք աչքեր։ Վահագնը ծնվելուն պես կռվի է բռնվում սև ու ամեհի վիշապների դեմ, սպանում նրանց, ազատում տիեզերքը կործանման սպառնալիքից։
Վահագնի անվան հետ է կապվում Հարդագողի ճանապարհ անվանումը։ Ըստ ավանդության ասորիների աստվածային նախնի Բարշամից Վահագնը հարդ է գողանում, որի հետքը մնում է երկնքում և գոյացնում Հարդագողի ճանապարհը՝ Ծիր Կաթինը։ Հելլենիստական ժամանակաշրջանում Վահագնը նույնացվել է Հերակլեսի հետ և ստացել նոր հատկանիշներ։
Վահագնի գլխավոր մեհյանը գտնվել է Տարոնի Աշտիշատ ավանում։ Մեհյաններ են եղել նաև Հայաստանի այլ վայրերում։ Հայոց տոմարում Վահագնի անունով է կոչվել ամսվա 27-րդ օրը։ Վահագնի պաշտամունքը այժմ տարածված է հայկական նեոհեթանոսության մեջ։
Ըստ Աճառյանի՝ անունը ծագում է արշակունյան պահլավերեն Varhγran անունից, որը նույնն էր, ինչ զանդերեն Vərəυraγna֊ը (վեդերեն՝ Vṛtrahan), որը նշանակում է «Vṛtra-յի սպանողը» և ծագում է Vərəυra «արգելակիչ, խափանարար» բառից։ Հայերենի հնագույն ձևը պետք է լինի Վարհագն[3]։ Վահագնի ընդհանուր հնդեվրոպական բնույթի ազդեցությամբ՝ որոշ հետազոտողներ ենթադրել են, որ «Վահագն» անունն առաջացել է սանսկրիտ՝ «վահ» (բերող) կամ «վհա»(բոց, աստղ) և «ագնի» (կրակ) բառերից կամ հնդիրանական Վերեթրագնա, Վայու, Վաե վեհ աստվածությունների անուններից։
Հիմնավոր պատճառներ կան ենթադրելու, որ «Վահագն» անունն առաջացել է հին հնդեվրոպական «Բահագին» (աստված) գաղափարանուններից՝ «բ» հնչյունը «վ»–ի փոխվելու սովորական օրինաչափությամբ։ Քանի որ Վահագնն անձնավորել է դիցաբանական հար և նույն գաղափարը, փառաբանվել նույն մակդիրներով, ինչ Հայկ բահագինը, հետևաբար վերջինիս հեթանոս հայերն անվանել են Բահագին կամ Վահագին՝ նրա գաղափարանունը վերածելով հատուկ անուն։ Պատահական չէ, որ Անանիա Շիրակացու գրի առած մի հինավուրց ավանդազրույցում Հայկի փոխարեն հայոց նախնի և սեմական Բել աստծու հակառակորդ է հիշատակվում Վահագնը։ Վահագն կրակի աստվածն էր[4]։
Հայոց տոմարում Վահագնի անունով է կոչվել ամսվա 27-րդ օրը[5]։ Իբրև ռազմի աստված՝ Վահագնը նույնացվել է այդ գաղափարը խորհրդանշող Հրահատ (Մարս) մոլորակին, որին հին հայերը տվել են Ատրահեր մականունները[4]։ Պահպանվել է նաև Ծիր կաթին համաստեղությունը Հարդագողի ճանապարհ անվանելը, որ կոչվել է նաև Հեծանոց, իբրև թե հեծանոց փայտով էր հարդը շալակել։ Ըստ Ալիշանի՝ այս առասպելի՝ օտար ազգերի և անգամ թուրքերի մեջ մտած լինելը փաստ է։ Վերջինները ևս այդ համաստեղությունը կոչում են նույն կերպ՝ Սաման յոլու[6]։
Վահագնի երգը
Մովսես Խորենացին վկայում է, որ հինգերորդ դարում ժողովրդի մեջ պահպանվում էր Վահագնի դյուցազներգությունը. փանդիռների նվագակցությամբ գուսանները երգում էին նրա դիցաբանական ձոնը, պատմում նրա բազում սխրագործությունների մասին։ Այս ձոնից մի հատված գրառել և ավանդել է Մովսես Խորենացին, որը պատմում է Վահագնի ծննդի մասին։ Այն բաղկացած է երեք եռատող տնից․ առաջինում դրսևորվում է հին հայերի վաղնջական պատկերացումը աշխարհի ուղղահայաց եռամաս կառուցվածքի մասին (երկինք, երկիր, ծով). երկրորդ տան մեջ ներկայացված է տիեզերական այդ կառույցում երիտասարդ աստծու ծնունդը՝ երկնքի (հայր) և երկրի (մայր) երկունքից։ Երրորդում նկարագրվում է նորածին աստծու արտաքինը։ Ըստ Մովսես Խորենացու՝ երգը նվիրված է եղել Տիգրանի երրորդ որդուն՝ աստվածացված Վահագնին[4]։
«Վահագնի երգը» հնեվրոպական առասպելաբանաստեղծական համակարգում դիցածնման վաղնջագույն հիմներգ է, որն իր մեջ պահպանել է թե հնդեվրոպացիների առասպելաբանական պատկերացումները, թե նրանց նախնական բանաստեղծության հատկանիշները։