10,179 կմ²

Մեծ Հայքի տասնչորսերորդ նահանգը։ Անունը կապված էր տեղանքում ապրող ցեղերից մեկի հետ, որը հայկական ծագում չուներ, բայց հույների կողմից ծանոթ էին։ 4-րդ դարում պատկանում էր Մամիկոնյան տոհմին։ Տարածվում էր Կուր գետի ակունքների և Ճորոխ գետի ավազաններում։ Հյուսիսից սահմանակից էր Եգերք և Խաղտիք երկրներին, հյուսիս–արևելքից՝ Գուգարք, արևելքից և հարավից՝ Այրարատ, հարավ–արևմուտքից և արևմուտքից՝ Բարձր Հայք նահանգներին։ 11-րդ դարում բոլորովին վրացիացած էր։ Կազմված էր 8 գավառներից։

Երկիր Մեծ Հայք Մեծ Հայք Մեծ Հայք
Ներառում է 8 գավառ
Գլխավոր քաղաք Ուղթիք
Այլ քաղաքներ Արդվին, Կրիակունք, Արսիս, Ուղթիս, Խոտորջուր
Կառավարող տոհմ(եր) Մամիկոնյաններ
Ստեղծվել է Մ.թ.ա. 189
Վերացել է Մ.թ. 387

 

Պատմություն

Տայքը մշտապես եղել է հայոց պետականության գոյատարածքներից մեկը։ Այն Դայաենի և Դիաուեխի անվանումներով հիշատակվում է ասորեստանյան և ուրարտական արձանագրություններում։ Ք.ա. 401 թ. անցնելով Հայաստանով՝ հույն զորավար Քսենոփոնը հիշատակում է «տայոխների» երկիրը։ Մինչև 3-րդ դարը Տայքը եղել է արքունական կալվածք և զորակայան։ 230–ական թթ. Հայոց արքա Խոսրով Ա Մեծը Տայքի մեծագույն մասը հատկացրել է Մամիկոնյանների նախարարությանը՝ որպես ժառանգական կալվածք։ V–VI դդ. Տայքը եղել է Սասանյան Պարսկաստանի դեմ մղված ազատագրական շարժումների կենտրոն։ Ամրանալով Տայքի անտառախիտ լեռներում՝ Մամիկոնյաններն ու նրանց համակիր ուժերը հաջողությամբ պայքարել են պարսկական նվաճողների դեմ։ 591 թ. Հայաստանի նոր վերաբաժանմամբ Տայքը անցել է Բյուզանդական կայսրությանը։ Մորիկ կայսեր կողմից Հայաստանի վարչական բաժանման ժամանակ ստացել է «Խորագույն Հայք» անվանումը։ VII դ. կեսից Տայքը մտել է արաբական արշավանքների ժամանակ բյուզանդական զորքերից լքված և Թեոդորոս Ռշտունու գլխավորությամբ առժամանակ ինքնուրույնությունը վերականգնված Հայաստանի կազմուն։ VII դ. վերջին և VIII դ. սկզբին մի շարք հայ իշխանական տներ ապաստանել են Տայքի լեռնավայրերում՝ խուսափելով արաբական նվաճողների հալածանքներից։ Տայքը դարձել է հակաարաբական պայքարի կենտրոն՝ Մամիկոնյանների գլխավորությամբ։ Անհավասար կռիվներում թուլացած և Հայաստանի քաղաքական ասպարեզից հեռացած Մամիկոնյանների կալվածները, այդ թվում՝ Տայքը, VIII դ. վերջին անցել են Բագրատունիներին։ X դ. Տայքի Բագրատունյաց ճյուղն ընդունել է բյուզանդական գերիշխանությունն ու քաղկեդոնական դավանանքը, կառավարել կայսեր շնորհած բարձր տիտղոսներով։ 1001–ին Տայքը նվաճել Է Բյուզանդական կայսրությունը, որը վարել է տեղի հայ բնակչությանը քաղկեդոնականություն պարտադրելու և նրանց ռազմական ուժերը ջլատելու քաղաքականություն։ 1071 թ–ի Մանազկերտի ճակատամարտում սելջուկյան թուրքերից պարտված Բյուզանդիան հայկական հողերի հետ Տայքը զիջել է նրանց։ XIIդ. վերջին և XIII դ. սկզբին հայ–վրացական միացյալ ուժերը ազատագրել են Տայքը։ Թաթար–մոնղոլական նվաճումներից և վրաց Բագրատունյաց թագավորության քայքայումով հետո, Տայքը մնացել է Ճաղի աթաբեկության կազմում։ 1590–ի թուրք–պարսկական պայմանագրով Տայքը անցել է Օսմանյան կայսրությանը։ XVII-XVIII դդ. Տայքի հայ-քաղկեդոնական բնակչությունը ենթարկվեց բռնի մահմեդականացման, մինչդեռ երկրի առաքելական հայությունը, ինչպես վկայում է XVII դարի հեղինակ Հակոբ Կարնեցին, կարողացավ պահպանել Քրիստոնեական հավատքը։ XVIII-XIX դդ. դավանափոխ հայերին պարտադրվեց նաև թուրքերենը։ 1877-78–ի ռուս–թուրքական պատերազմից հետո Տայքի մի մասը անցավ Ռուսական կայսրությանը։ Թուրքացած բնակիչները մեծ մասամբ գաղթեցին Օսմանյան կայսրություն։ Տայքում բնակվեցին նաև Արևմտյան Հայաստանից եկած հայեր։ 1918-20–ին Տայքի մի մասն անցավ Հայաստանի Առաջին Հանրապետությանը, սակայն այդ տարածքները Թուրքիայի կողմից գրավվելուց հետո տեղի հայերը ենթարկվեցին թուրքական կոտորածներին ու բռնություններին, փրկվածները գաղթեցին Հարավային Կովկաս։

Վարչական բաժանում

Տայքը վարչականորեն բաժանվում էր 8 գավառի.

  • Կող- կենտրոնը՝ Կրիակունք
  • Բերդաց փոր- կենտրոնը՝ Բանակ
  • Պարտիզաց փոր- կենտրոնը՝ Պարտեզ (Պարտէզ)
  • Ճակք- կենտրոնը՝ Իշխանք
  • Բողխա (Բողխայ)- կենտրոնը՝ Ուղթիք
  • Ոքաղե (Ոքաղէ)- կենտրոնը՝ Թորթում
  • Ազորդաց փոր- կենտրոնը՝ Ազորդ
  • Արսյաց փոր (Արսեաց փոր)- կենտրոնը՝ Արսիս

 

No comments

Այժմ կայքը դիտում են 1883 հյուր և անդամներ չկան։