25,008 կմ²

Մեծ Հայքի չորրորդ նահանգը։ Արևմուտքից սահմանակից էր Ծոփք և Բարձր Հայք, հյուսիսից՝ Այրարատ, արևելքից՝ Վասպուրական, հարավից՝ Մոկք և Աղձնիք նահանգներին։ Տուրուբերանի բնական սահմաններն արևմուտքում կազմում էին Բյուրակն-Մնձուրյան լեռնաշղթայի արևելյան հատվածից սկսվող և դեպի հարավ տարածվող Սերոկի լեռները, հյուսիսում՝ Հայկական Պար և Շարիանի լեռնաշղթաները, արևելքում՝ Վանա լիճը և Բերկրի ու Պատնոց գետերի ջրբաժան լեռները, հարավում՝ Հայկական Տավրոսը։ Ընդգրկել է հիմնականում Արածանու վերին և միջին, ինչպես նաև Արաքսի վերին հոսանքների ավազանը։ Այստեղ է գտնվում երրորդ մեծ և բարեբեր հովիտը՝ Մուշի տաշտը (Արածանիի վրա)։ Կազմված էր 16 գավառներից։

Երկիր Մեծ Հայք Մեծ Հայք Մեծ Հայք
Ներառում է 16 գավառ
Գլխավոր քաղաք Մանազկերտ
Այլ քաղաքներ Արճեշ, Արծկե, Խլաթ, Մուշ, Խնուս, Զարիշատ, Տիրակատար, Բաղեշ, Ձյունկերտ, Թոնդրակ
Կառավարող տոհմ(եր) Սլկունիները, Մամիկոնյանները, Մանդակունիները, Ապահունիները, Ձյունականները, Բզնունիները, Գնունիները, Խորխոռունիներ
Ստեղծվել է Մ.թ.ա. 189
Վերացել է Մ.թ. 387

 

Պատմություն

Տուրուբերանը Սելևկյանների տիրապետության վերջին շրջանում մտել է Մեծ Հայքի սատրապության մեջ, այնուհետև եղել է Մեծ Հայքի թագավորության կենտրոնական նահանգներից։ Տուրուբերանի Տարոն, Հարք և Ապահունիք գավառներով է անցել «Արքունի պողոտան»։ Հետագայում նշանավոր էին նաև Տուրուբերանով անցնող Կարին (Թեոդոսուպուլիս) – Մանազկերտ – Խլաթ – Բաղեշ (Բիթլիս) – Մծբին, ինչպես նաև Արտաշատ – Մանազկերտ – Տիգրանակերտ ճանապարհները։ Քաղաքներից նշանավոր էին Մանազկերտը, Արճեշը, Արծկեն, Խլաթը, Մուշը, Խնուսը և այլն։

Տուրուբերանի տարբեր գավառներում հնում իշխել են Սլկունիները, Մամիկոնյանները, Մանդակունիները, Ապահունիները, Ձյունականները, Բզնունիները, Գնունիները, Խորխոռունիները և այլ նախարարական տոհմեր։ Հայաստանի առաջին բաժանմամբ (387) Տուրուբերանն անցել է Սասանյան Պարսկաստանի, իսկ 591 թվականի վերաբաժանմամբ՝ Բյուզանդական կայսրության ազդեցության ներքո։ Բյուզանդիայի Մավրիկիոս կայսեր (582-602) վարչական փոփոխություններից հետո առաջացած «Ներքսագույն Հայքի» (Armenia inferior, Այրարատ), Չորրորդ Հայքի և Աղձնիքի (Mesopotamia) միջև գտնվող Տուրուբերանի տարածքը կոչվել է «Մեծ Հայք»։

VII դարում ասպատակել են արաբական նվաճողները։ VIII-IX դարերում Տուրուբերանի տարածքում հաստատվել են արաբական ցեղեր։ Վերացվել է Աղբիանոսյան տան իշխանությունը Հարքում և Բզնունիքում, Խլաթը և Մանազկերտը դարձել են արաբական ամիրաների նստավայր։ Վերացել է Ապահունյաց տոհմը, իսկ Գնունիներն անցել են Տայք։

Կայսիկների արաբական ամիրայությունը, որ սկզբում ընդգրկել է Մանազկերտ քաղաքը և շրջակայքը, հետզհետե ծավալվել է և X դարում տարածվել Ծաղկանց լեռների արևմտյան լանջերից մինչև Հաշտյանքի (Ճապաղջուր) արևմտյան սահմանը, Կարինի (Թեոդոսուպոլիս) մերձակայքից մինչև Տարոնի հյուսիսային սահմանը։ IX դարում Տուրուբերանը վարչաքաղաքական տեսակետից բաժանվել է երեք մասի՝ Տարոնի իշխանություն (հայ Բագրատունիների սեփականությունը), Կայսիկների ամիրայության (Բագրատունիների թագավորության վասալը) և Խութ (Սասունի իշխանության կազմում)։ Բյուզանդական կայսրությունը X դ. երկրորդ կեսին զավթել է Տուրուբերանը (բացառությամբ Խութի)։

1064 թվականին Տուրուբերանը զավթել են սելջուկ թուրքերը, և մինչև XIII դարի սկիզբն այն եղել է սելջուկյան Շահարմենների սուլթանության կազմում։ XIII դարի սկզբին հայ–վրացական միացյալ ուժերը Զաքարյանների գլխավորությամբ ազատագրել են Տուրուբերանի հյուսիսային գավառները, Մանազկերտ և Արճեշ քաղաքները։ XIII-XIV դարերում Տուրուբերանը ասպատակել են թաթար–մոնղոլական և թուրքական հրոսակ ցեղերը։ 1555 թվականին և 1639 թվականին կնքված թուրք–պարսկական պայմանագրերով Տուրուբերանը զավթել է Օսմանյան սուլթանությունը։ XV-XVI դարերի թուրք–պարսկական պատերազմների ժամանակաշրջանում Տուրուբերանը բազմիցս կողոպտվել, ավերվել և ամայացել է։ Չնայած այդ ամենին, ընդհուպ մինչև Հայոց Ցեղասպանությունը, Տուրուբերանի հիմնական բնակիչները եղել են հայերը։ XX դարի սկզբին Տուրուբերանի տարածքը մտել է հիմնականում Բիթլիսի և Էրզրումի վիլայեթների մեջ։

Վարչական բաժանում

Այսպիսով, Տուրուբերանը վարչականորեն բաժանվում էր 16 գավառի.

  • Խույթ (Խոյթ) - կենտրոնը՝ Խույթ (Խոյթ)
  • Ասպակունյաց ձոր (Ասպակունեաց ձոր) կոչվում էր նաև Ասպակունիք - կենտրոնը՝ Ասպականք
  • Տարոն (Տարօն) - կենտրոնը՝ Մուշ
  • Աշմունիք կոչվում էր նաև Արշամունիք- կենտրոնը՝ Բազկան
  • Մարդաղի - կենտրոնը՝ Մարդաղի
  • Դասնավորք (Դասնաւորք) - կենտրոնը՝ ՞
  • Տվարածատափ (Տուարածատափ) - կենտրոնը՝ ՞
  • Դալառ - կենտրոնը՝ Գովառ
  • Հարք - կենտրոնը՝ Հայկաշեն (Հայկաշէն)
  • Վարաժնունիք - կենտրոնը՝ Խնուս
  • Բզնունիք - կենտրոնը՝ Բաղեշ (Բաղէշ)
  • Երևարք (Երեւարք) - կենտրոնը՝ Պաղա բերդ
  • Աղիովիտ - կենտրոնը՝ Զարիշատ
  • Ապահունիք - կենտրոնը՝ Մանազկերտ
  • Կորի գավառ (Կորոյ գաւառ) - կենտրոնը՝ ՞
  • Խորխոռունիք - կենտրոնը՝ Արծկե (Արծկէ)

No comments

Այժմ կայքը դիտում են 2320 հյուր և անդամներ չկան։