40,870 կմ²

Մեծ Հայքի ութերորդ նահանգը։ Հյուսիսից սահմանակից էր Այրարատ, հյուսիս–արևելքից՝ Սյունիք, արևելքից՝ Փայտակարան և Պարսկահայք, հարավից՝ Կորճայք, Մոկք և Աղձնիք, արևմուտքից՝ Տուրուբերան նահանգներին։ Կենտրոնական նահանգներից և ամենամեծը իր տարածությամբ։ Անունը գրականության մեւ հիշատակվում է սկսած 6-րդ դարից։ Անունը հայկական չէ և վերցված է պահլավերենից։ «Վասպուր» էին կոչվում Սասանյան թագավորների ժամանակ Պարսկաստանի յոթ ամենաբարձր ազնվական տոհմերի անդամները։ Ելնելով դրանից երկիրը խոչվում էր «Ազնվականների երկիր» կամ «Ազնվականների գնդիր երկիր»[5]։ Վասպուրական նահանգը կոչվում էր նաև «Երկիր Արծրունյաց», քանի որ այստեղի գլխավոր նախարարական տոհմը Արծրունիներն էին։ Կազմված էր 36 գավառներից։

Երկիր Մեծ Հայք Մեծ Հայք Մեծ Հայք
Ներառում է 34 գավառ
Գլխավոր քաղաք Վան
Այլ քաղաքներ Խլաթ, Բերկրի, Նախիջևան, Բակուրակերտ, Մարանդ, Ջուղա
Կառավարող տոհմ(եր) Արծրունիներ, Ռշտունիներ
Ստեղծվել է Մ.թ.ա. 189
Վերացել է Մ.թ. 387

 

Պատմություն

Մ.թ.ա. 9-րդ դարից Վասպուրականը Վանի թագավորության կենտրոնական տարածքն էր։ Այն ուներ զարգացած արհեստագործություն և երկրագործություն։ Մ.թ.ա. 6-րդ դարից սկսած, երբ վերացել էր ուրարտական թագավորությունը, և նրա փլատակների վրա ստեղծվել էր առաջին հայկական պետությունը՝ Երվանդունիների թագավորությունը (մ.թ.ա. 580 - մ.թ.ա. 201), Վասպուրականը շարունակում է մնալ կենտրոնական նահանգ, իսկ Վանը՝ նորաստեղծ պետության մայրաքաղաք։ Հայաստանի սատրապությունը (մ.թ.ա. 522 - մ.թ.ա. 331) Աքեմենյան տիրապետության օրոք բաժանվել էր 2 հատվածի՝ հարավային, որի կենտրոնը Վան քաղաքն էր, և հյուսիսային, որի մայրաքաղաքն Էրեբունին էր։ Պետականության վերականգնումից հետո՝ մ.թ.ա. 331 թվականին, Երվանդ Գ թագավորը մտադրվում է մայրաքաղաքը տեղափոխել հյուսիս՝ Արարատյան դաշտ, սակայն Վասպուրականը մնում է հայոց թագավորության սահմաններում։

Մ.թ.ա. 189 թվականին Արտաշես Ա թագավորը հիմնադրում է Արտաշեսյանների արքայատոհմը (մ.թ.ա. 189 - 1)։ Մ.թ. 54 թվականին նրան փոխարինելու է գալիս պարթևական ծագում ունեցող Արշակունիների դինաստիան (66 - 428)։ Այս ամբողջ ժամանակահատվածում Վասպուրականը մնում է հայոց թագավորության սահմաններում։ 387 թվականի Հայաստանի առաջին բաժանումից և 428 թվականին մարզպանական Հայաստանի (428-642) հիմնումից հետո Վասպուրականը՝ որպես Արծրունի իշխանական տան կալվածք, շարունակում է մնալ Հայաստանի կազմում։

7-րդ դարում Վասպուրականը դարձել է արաբա-բյուզանդական ընդհարումների ռազմաբեմ։ Վասպուրականի նախարարները հարել են Թեոդորոս Ռշտունու գլխավորած ազատագրական շարժմանը և պահպանել իրենց ինքնավարությունը։ Արաբական խալիֆայության նկատմամբ դիմադիր դիրքորոշման պատճառով Վասպուրականի նախարարները ենթակվել են դաժան հաշվեհարդարի։ Ստեղծված ծանր պայմաններում Վասպուրականի նախարարական տները համախմբվել են հզոր Արծրունիների շուրջ։ 774-775 թվականներին Վասպուրականի նախարարները՝ Արծրունիների գլխավորությամբ, պատերազմել են Արաբական խալիֆայության գերակշիռ ուժերի դեմ։ Չնայած պարտությանը և ծանր կորուստներին, Վասպուրականի իշխանությունը պահպանել է գոյությունը։ 800 թվականին Համազասպ Արծրունին դառնում է Վասպուրականի առաջին գահերեց իշխանը՝ այդպիսով գերիշխանության տակ առնելով Վասպուրականի բոլոր իշխաններին ու նախարարներին։

Ընդունելով հայ Բագրատունիների գերակայությունը՝ Վասպուրականի իշխանները վերակողմնորոշվել են դեպի արաբները։ 9-րդ դարի կեսին Արաբական խալիֆայությունը փորձել է ոչնչացնել Վասպուրականի իշխանությունը, ժամանակավորապես բռնագրավել նահանգի զգալի մասը, աքսորել շատ իշխանների։ Սակայն նվաճողները շուտով ծանր պարտություն են կրել Բագրատունիների և Արծրունիների միացյալ հայկական զորքից։ Ավելի ուշ՝ 908 թվականին, Գագիկ Արծրունին հիմնադրում է Վասպուրականի թագավորությունը (908-1021)։

Մանազկերտի ճակատամարտ 1071–ում սելջուկյան թուրքերից բյուզանդական զորքի ծանր պարտությունից հետո նահանգն ընկել է սելջուկյան թուրքերի տիրապետության ներքո։ Վասպուրականի որոշ շրջաններում կիսանկախ վիճակում պահպանվել են Արծրունյաց տոհմի շառավիղները։ Այդ ժամանակաշրջանում Վասպուրական հասկացությունը տարածվել է միայն Վանա լճի ոլորտի և նահանգի հայաշատ շրջանների վրա։

16-րդ դարում Վասպուրականը դարձել է իրանա–թուրքական պատերազմների ռազմաբեմ։ 1639 թվականին Սեֆյան Իրանի և Օսմանյան Թուրքիայի միջև կնքված Ղասրե Շիրինի հաշտությամբ Վասպուրականի հիմնական մասը բռնակցվել է Թուրքիան։ 16-19-րդ դարերում Վասպուրականում շարունակել են գոյատևել հայ, քուրդ, ասորի ժողովրդների ինքնավար իշխանություններ ու համայնքներ։ Այդ երեք ժողովուրդները հաճախ միասնաբար պայքարել են իրանա–թուրքական բռնատերերի դեմ։ Չնայած օտար բռնակալության հարուցած խոչընդոտներին, Վասպուրականում զարգացել են գյուղատնտեսությունը, արհեստագործությունը և առևտուրը։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ Վասպուրականի հայ բնակչության զգալի մասը ռուսական զորքի հետ գաղթեց Արևելյան Հայաստան[1]։

Վարչական բաժանում

Այսպիսով, Վասպուրականը կազմված էր հետևյալ 34 գավառներից (նախկինում տարածված մտքի՝ 35 գավառի փոխարեն, հանելով Աղիովիտը Վասպուրականի գավառների ցանկից).

  • Ռշտունիք - կենտրոնը՝ Մանակերտ
  • Տոսպ - կենտրոնը՝ Վան
  • Բոգունիք - կենտրոնը՝ ՞
  • Արճիշակովիտ - կենտրոնը՝ ՞
  • Կուղանովիտ - կենտրոնը՝ Կուղան
  • Առբերանի - կենտրոնը՝ Առեստավան (Առեստաւան)
  • Գառնի - կենտրոնը՝ ՞
  • Բուժունիք - կենտրոնը՝ ՞
  • Առնոյոտն - կենտրոնը՝ ՞
  • Անձևացիք (Անձրևացիք) - կենտրոնը՝ Կանգավար
  • Տրպատունիք - կենտրոնը՝ ՞
  • Հայոց ձոր կոչվում էր նաև Երվանդունիք (Երուանդունիք) - կենտրոնը՝ Հայկաբերդ
  • Բուն Մարդաստան - կենտրոնը՝ ՞
  • Մարդաստան - կենտրոնը՝ Համբույրազան (Համբոյրազան)
  • Արտազ - կենտրոնը՝ Շավարշավան (Շաւարշաւան)
  • Ակե (Ակէ) - կենտրոնը՝ Ականիս
  • Աղբակ Մեծ - կենտրոնը՝ Հադամակերտ (Յադամակերտ)
  • Անձախի ձոր - կենտրոնը՝ Կոտորոց բերդ
  • Թոռնավան (Թոռնաւան) - կենտրոնը՝ Թոռնավան (Թոռնաւան)
  • Ճվաշ-ռոտ (Ճուաշ-ռոտ) - կենտրոնը՝ Մարտակերտ
  • Կրճունիք - կենտրոնը՝ ՞
  • Մեծնունիք - կենտրոնը՝ ՞
  • Պալունիք - կենտրոնը՝ Պղվանք (Պղուանք)
  • Գուկանք - կենտրոնը՝ ՞
  • Աղանդ-ռոտ - կենտրոնը՝ Նվարսակ (Նուարսակ)
  • Պարսպատունիք - կենտրոնը՝ ՞
  • Արտաշիսյան (Արտաշիսեան) կոչվում էր նաև Արտավանյան (Արտաւանեան) - կենտրոնը՝ Արտամետ (Արտամէտ)
  • Բաքրան - կենտրոնը՝ Մարանդ
  • Գաբիթյան (Գաբիթեան) - կենտրոնը՝ ՞
  • Գազրիկյան (Գազրիկեան) - կենտրոնը՝ Գազրիկ
  • Տայգրյան (Տայգրեան) - կենտրոնը՝ ՞
  • Վարաժնունիք - կենտրոնը՝ Տաշիր
  • Գողթն - կենտրոնը՝ Գողթն
  • Նախճավան (Նախճաւան) - կենտրոնը՝ Նախիջևան (Նախիջևան)

No comments

Այժմ կայքը դիտում են 2329 հյուր և անդամներ չկան։