11,528 կմ²

Մեծ Հայքի տասներորդ նահանգը, կոչվում էր նաև Փոքր Սյունիք։ Տարածված էր Փոքր Կովկասի արևելյան և Հայկական Լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասում։ Ընդգրկում էր այժմյան Արցախի Հանրապետությունը՝ հարակից ազատագրված տարածքներով, և ձգվում էր մինչև Իջևանի շրջանը։ Հյուսիս-արևելքից և արևելքից սահմանակցում էր Ուտիք նահանգին, արևմուտքից, Աղավնո գետակով՝ Սյունիքին։ Հյուսիս-արևմուտքում Արցախի սահմանները ձգվում էին Սևանա լճի արևելյան ափով, հարավից՝ Երասխի հովտով մինչև Մուխանք դաշտը՝ ընդգրկելով այդ դաշտի արևմտյան կեսը։ Կազմված էր 12 գավառներից։

Երկիր Մեծ Հայք Մեծ Հայք Մեծ Հայք
Ներառում է գավառ
Գլխավոր քաղաք Փառնես
Այլ քաղաքներ Ծար, Ամարաս, Վայկունիք
Ստեղծվել է Մ.թ.ա. 189
Վերացել է Մ.թ. 387

Պատմական տեղեկանք

Հնագույն ժամանակներից սկսած նահանգի բնակչությունն զբաղվել է հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, այգեգործությամբ և շերամապահությամբ։ Ամբողջ արևելքում հայտնի էին Արցախում բուծվող ձիերը, որոնք աչքի էին ընկնում դիմացկունությամբ և արագավազությամբ։

Արցախի նախարարական տունը սերվել է Հայկ նահապետի ժառանգ Սիսակից։ Արցախի առաջին եպիսկոպոս Գրիգորիսը խոշոր դեր է խաղացել Արցախի և Ուտիքի բնակչության քրիստոնեացման գործում։ 5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցը և իր աշակերտները Արցախում տարածել են հայերեն գիրն ու դպրությունը և պայքարել հեթանոսության մնացորդների դեմ։

5-ից 6-րդ դդ. Արցախը մտնում էր պարսկահպատակ Աղվանից մարզպանության մեջ։ Վարդանանց պատերազմի մասնակից Արցախի այրուձին Ավարայրի ճակատամարտում գլխավորում էր Առանշահիկ Բակ իշխանը, որը պատերազմից հետո վերադարձավ Արցախ և այն պաշտպանեց պարսիկներից։

Օգտվելով Պարսից արքունիքի զիջումներից, Արցախի Առանշահիկները 5-րդ դարի վերջում Վաչագան Բարեպաշտի գլխավորությամբ ստեղծեցին Աղվանից թագավորությունը, որի մեջ ընդգրկված էին Ուտիքը և Անդրկուրյան Կամբեճան հայաբնակ գավառը։

7-րդ դարասկզբին Արցախը և ամբողջ արևելյան Անդրկովկասը ենթարկվում են խազարների ներխուժմանը։ 7-րդ դ. կեսից մինչև 9-րդ դարավերջը Արցախը գտնվում էր արաբական տիրապետության տակ։ Արցախի ու հարակից հայկական գավառների ապստամբությունները արաբների կողմից ճնշվում էին դաժանորեն, դրանց կազմակերպիչներից շատերը աքսորվեցին, սակայն, չնայած դրան, 9-րդ դարավերջում Արցախի իշխանական տան երկու ճյուղերը հզորացան և Բագրատունյաց թագավորությանը ենթակա լինելով՝ ստեղծեցին երկու փոքրիկ թագավորություն, մեկը՝ Դիզակում, մյուսը՝ Խաչենում։ Արցախի նախարարական տան եռանդուն գործունեությունն ու մշակութային բուռն վերելքն անընդմեջ շարունակվեց Խաչենում։ 12-րդ դարի երկրորդ կեսին այստեղ արդեն իշխում էին Առանշահիկ հարստության երեք ճյուղերը՝ Ներքին Խաչենի, Հաթերքի և Ծարա կամ Վերին Խաչենի իշխանությունները։

Մոնղոլների տիրապետության նախօրեին Ներքին Խաչենի ու Վերին Խաչենի իշխանությունները խնամիությամբ կապված էին Զաքարյան զորապետների հետ և վայելում էին նրանց հովանավորությունն ու աջակցությունը։ Թաթար–մոնղոլների տիրապետության շրջանում Արցախ–Խաչենի բնակչության վրա ծանր հարկ դրվեց։ Լենկթեմուրը 1387–ին ասպատակեց նաև Խաչենը՝ կոտորելով իշխանական տների գրեթե բոլոր նշանավոր ներկայացուցիչներին։ 16-րդ դարավերջին և 17-րդի սկզբին այդ իշխանությունները մանրացել, վեր էին ածվել գավառական վարչական միավորումների, որոնք կոչվում էին մելիքություններ և իրենց մեջ պահում էին հայոց պետականության վերջին բեկորները։ Այս մանր պետական միավորումներն էին, որոնք գլխավորում էին հայ ժողովրդի ազատագրական պայքարը պարսկական ու թուրքական բռնապետությունների դեմ։

Արցախի հայկական մելիքություններն էին․

1․ Գյուլիստանի, ուր իշխում էին Մելիք-Բեգլարյանները, կենտրոնը՝ Գյուլիստանի բերդ։

2․ Ջրաբերդի, ուր իշխում էին Մելիք-Իսրայելյանները, կենտրոնը՝ Ջրաբերդ (Ջերմուկի) բերդ։

3․ Խաչենի, ուր իշխում էին Հասան-Ջալալյանները, կենտրոնը՝ Խաչենաբերդ (Խոխանաբերդ)։ Մելիքության տարածքում էր գտնվում նաև Գանձասարի կաթողիկոսության կենտրոն համանուն վանքը։

4․ Վարանդայի, ուր իշխում էին Մելիք-Շահնազարանները, կենտրոնը՝ Ավետարանոց բերդաքաղաք։

5․ Դիզակի, ուր իշխում էին Մելիք-Եգանյանները (Մելիք-Ավանյաններ) կենտրոնը՝ Տող բերդաքաղաք։

Արցախի հայկական մելիքությունները գոյատևեցին մինչև երկրամասի միացումը Ռուսաստանին (Ռուսական կայսրությանը), որը տեղի ունեցավ 1813–ին, Գյուլիստանի պայմանագրով։

Վարչական բաժանում

Արցախ աշխարհի տարածությունը կազմում էր 11.528 կմ²։ «Աշխարհացոյց»-ի տվյալներով այն ուներ 12 գավառ.

  • Մյուս Հաբանդ (Միւս Հաբանդ)- կենտրոնը՝ Ամարաս

  • Սիսական-ի-Կոտակ կոչվել է նաև Սիսական-ի-Ոստան- կենտրոնը՝ Թաղեր

  • Վայկունիք- կենտրոնը՝ Վակունիս

  • Բերդաձոր- կենտրոնը՝ Բերձոր

  • Մեծ Առանք կոչվել է նաև Մեծիրանք- կենտրոնը՝ Գանձասար

  • Մեծ Կվենք (Մեծ Կուենք) կոչվել է նաև Մեծ Կողմանք- կենտրոնը՝ ՞

  • Հարճլանք- կենտրոնը՝ ՞

  • Մուխանք- կենտրոնը՝ Գիշ

  • Պիանք- կենտրոնը՝ Վարարակն

  • Պարզկանք կոչվել է նաև Պարծկանք- կենտրոնը՝ ՞

  • Քուստ-ի-Փառնես (Քուստ-ի-Փառնէս)- կենտրոնը՝ Փառնես (Փառնէս)

  • Կողթ- կենտրոնը՝ ՞

No comments

Այժմ կայքը դիտում են 2276 հյուր և անդամներ չկան։